Arm | Rus | Eng

ԱՄԲ բարդությունները

 

 

ԱՄԲ հետ կապված բժշկական ռիսկը կախված է բուժման փուլից: Սուպերօվուլյացիայի խթանումը իր հետ բերում է ձվարանների հիպերխթանման ախտանիշի (ՁՀԱ) զարգացման ռիսկ: ՁՀԱ առաջացման պատճառը մեծ քանակությամբ ֆոլիկուլների զարգացումն է (15-ից ավելի), որի հետևանքով ձվարանները դրսևորում են բարձր ակտիվություն՝ հանգեցնելով արյան մեջ էստրոգեների (կանացի սեռական հորմոններ) բարձր քանակի: Էստրոգեների բարձր մակարդակը նպաստում է  անոթային թափանցելիության խանգարմանը, որի հետևանքով հեղուկն անոթներից սկսում է դուրս գալ սկզբում դեպի փոքր կոնքի խոռոչ, ապա որովայնի խոռոչ: Որովայնի և կրծքամզային խոռոչում հեղուկի կուտակման արդյունքում հիվանդը կարող է ունենալ ընդլայնման, սրտխառնուքի, փսխման և ախորժակի կորստի զգացում: Ձվարանների խթանման պրոցեդուրա անցնող հիվանդների 30 տոկոսն ունենում է թեթև աստիճանի ՁՀԱ, որի հաղթահարման համար բավական է սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը և ընդունել ցավազրկոզ դեղամիջոցներ: Միջին աստիճանի հիպերխթանման ախտանիշի դեպքում հիվանդների մոտ հեղուկը կուտակվում է որովայնի խոռոչում և առաջանում են ցավեր աղեստամոքսային տրակտի շրջանում: Տվյալ կանայք մշտական հսկողության կարիք ունեն, բայց սովորաբար ամբուլատոր բուժումը բավարար է լինում: Աստիճանաբար նման հիվանդների վիճակը լավանում է առանց հավելյալ միջամտության: Հղիանալու դեպքում առողջացումը, սակայն, կարող է մի քանի շաբաթ ձգվել: Հիվանդների 1-2 տոկոսի մոտ զարգանում է ծանր աստիճանի ՁՀԱ, որը բնորոշվում է որովայնի և կրծամզային խոռոչում հեղուկի կուտակմամբ, էլեկտրոլիտների հավասարակշռության խախտմամբ, արյան բարձր մակարդելիությամբ, երբեմն նաև արյան մակարդուկների ձևավորմամբ: Եթե լինում են շնչառության հետ կապված դժվարություններ, որովայնի խոռոչից հեղուկի դուրս բերման անհրաժեշտություն կարող է առաջանալ: Ձվարանների հիպերխթանման ծանր տեսակով տառապող հիվանդներին հոսպիտալացում է անհրաժեշտ մինչև առողջական վիճակի բարելավումը, որը կարող է մի քանի շաբաթ տևել:

 

Որպես կանոն սուպերօվուլյացիայի խթանման արդյունքում ձվաբջիջների չափերը մեծանում են 1.5-2 անգամ: Մեծացած ձվարանները դառնում են բավականին շարժուն, և հազվադեպ դեպքերում կարող են շրջապտույտ կատարել իրենց կապանների վրա: Ձվարանի շրջապտույտը բերում է ձվարանում արյան շրջանառության խախտման և հանգեցնում նեկրոզի՝ ձվարանի մահվան: Նման դեպքերում խորհուրդ է տրվում լապարոսկոպիա, իսկ եթե  ձվարանում տեղի են ունեցել անդառնալի փոփոխություններ, ապա հեռացվում է ձվարանի մի մասը կամ ձվարանն ամբողջությամբ:

 

Մյուս լապարոսկոպիկ վիրահատության կարիք ունեցող խանգարումը մեծացած ձվարանի քիստաների արյունահոսությունն է: Արյունահոսությունը դրսևորվում է ընդհանուր թուլությամբ, քնկոտությամբ, հաճախակի սրտխփոցով, որոշ դեպքերում որովայնի շրջանում ցավերով:

 

Սաղմերի տեղադրումից հետո հիվանդները պետք է զգուշորեն հետևեն իրենց վիճակին: Նման բարդությունների զարգացումները կանխարգելելու նպատակով հիվանդներին խորհուրդ է տրվում սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, բացառել սեռական կյանքը ԱՄԲ-ից հետո՝ հղիության առաջին երկու ամիսների ընթացքում:

 

Չնայած որոշ հին հրապարակումներ պնդում էին, որ խթանող դեղամիջոցների կիրառումը կարող է մեծացնել ձվարարնների քաղցկեղով հիվանդանոլու ռիսկը՝ վերջերս կատարված բազմաթիվ հետազոտություններ որևէ կապ չեն գտել սուպերօվուլյացիայի խթանման դեղամիջոցների և ձվարանների կամ այլ օրգանների քաղցկեղի միջև:

 

Ձվարանների պունկցիայի պրոցեդուրան ևս որոշակի ռիսկ է պարունակում: Պունկցիան հղի է նույն այն բարդություններով, ինչ ցավազրկում պահանջող ցանկացած վիրահատությունը: Բացի դրանից, պունկցիան արյունահոսության, վարակի, միզապարկի, աղիների կամ արյունատար անոթի վնասման փոքր հավանականություն ունի: Այնուամենայնիվ, ձվարանների պունկցիայից հետո բարդությունների վերացման համար վիրաբուժական միջամտությունը անհրաժեշտ է լինում հազարից մեկին:

 

Հազվադեպ դեպքերում բորբոքային պրոցես կարող է զարգանալ արդեն սաղմերի տեղադրումից հետո:

 

Հղիության և ծննդաբերության ընթացքում կարող են դրսևորվել պտղի զարգացման պաթոլոգիաներ, արտաարգանդային հղիություն, վիժում, մահացած երեխայի ծնունդ, բազմապտուղ հղիություն և բնածին պաթոլոգիաներով երեխայի ծնունդ: Եթե դուք անցնում եք բուժում արտամարմնային բեղմնավորման մեթոդով, ձեզ անհրաժեշտ է իմանալ, որ անպտղությունը, տարիքը, բազմապտղության առկայությունը կարող են մեծացնել վաղաժամ ծննդի կամ հիվանդ երեխայի ծննդի ռիսկը: Բազմապտուղ հղիությունը մեծացնում է վաղաժամ ծննդի և նևրոլոգիական հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են մանկական ուղեղային կաթվածը: Բազմապտուղ հղիության դեպքում (զույգով կամ եռյակով հղիություն) Դուք պետք է գտնվեք փորձառու գինեկոլոգի հսկողության տակ, ով անհրաժեշտության դեպքում Ձեզ կուղարկի համապատասխան նեոնաթոլոգիական ծառայություններ տրամադրող բժշկական հաստատություն:

 

Բազմապտուղ հղիության ռիսկն առկա է նաև օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների բոլոր մեթոդների կիրառման դեպքում, որը կապված է մեկ կամ ավելի սաղմերի տեղադրմամբ: Չնայած շատ հիվանդներ զույգ համարում են բուժման հաջող ավարտ՝ բազմապտղությունը կապված է շատ խնդիրների հետ: Բազմապտուղ հիությամբ կանանց կարող է անհրաժեշտ լինել շաբաթներով և անգամ ամիսներով մնալ մահճակալում կամ հիվանդանոցում՝ փորձելով խուսափել վաղաժամ ծննդաբերությունից: Վաղաժամ ծննդաբերության ռիսկը բազմապտուղ հղիության դեպքում շատ մեծ է և երեխաները կարող են բավականին շուտ ծնվել, որպեսզի կարողանան գոյատևել: Անհաս երեխաները երկարատև, ինտենսիվ խնքամքի կարիք ունեն և հաճախ ունենում են տարբեր խնդիրներ առողջության հետ կյանքի ողջ ընթացքում:

 

Որոշ զույգեր կարող են քննարկել բազմապտուղ հղիության ռեդուկցիան, որպեսզի նվազեցնեն բազմապտզության հետ կապված խնդիրները, բայց սա շատ դժվար որոշում կլինի: Ընտրողական ռեդուկցիայի դեպքում մեկ կամ մի քանի պտուղներ դադարում են զարգանալ (սովորաբար թունավոր քիմիական նյութի ներարկման, միջոցով, ինչպիսիք են կալիումի քլորիդը): Դեպքերի մեծամասնությունում տվյալ պտուղը ներծծվում է, իսկ մնացածները շարունակում են զարգանալ: Իհարկե, կա բոլոր պտուղների կորստի ռիսկ վիժման հետևանքով (պատահական վնասվածքի կամ ռեդուկցիայի հետևանքով), որը կազմում է մոտ 10 տոկոս՝ անկախ բժշկի փորձառությունից:

 

Արյունոտ արտադրությունները հղիության առաջին երեք ամիսների ընթացքում կարող են վկայել սկսված վիժման կամ արտարգանդային հղիության մասին: Եթե սկսվել են արյունոտ արտադություններ, անհրաժեշտ է անհապաղ անցնել հետազոտություն դրանց պատճառը պարզելու համար: Որոշ տվյալներով վաղ արյունոտ արտադրությունները հանդիպում են կանանց մոտ ԱՄԲ-ից հետո, բայց դրանք պարտադիր չէ, որ կապված լինեն հղիության ընդհատման ռիսկի հետ: Ուստի չի կարելի ինքնուրույն դադարեցնել հղիությանն աջակցող դեղամիջոցների ընդունումը, քանի որ արյունոտ արտադրությունները ոչ միշտ են նշանակում դաշտանի սկիզբ:

 

ԱՄԲ-ից հետո արտարգանդային հղիության ռիսկը կազմում է 2-3 տոկոս: Արտարգանդային հղիությունը տեղի է ունենում ոչ թե հենց ԱՄԲ պրոցեդուրաների պատճառով, այլ այն պատճառով, որ ՕՎՏ մեթոդներով բուժում անցնող շատ կանայք ունենում են վնասված ֆալոպյան փողեր, որը մեծացնում է արտաարգանդային հղիության հակումը:

 

Բնածին պաթոլոգիաների ռիսկը ԱՄԲ դեպքում ավելի մեծ չէ, քան բնական բեղմնավորման դեպքում բնածին պաթոլոգիաների ռիսկը: Գենետիկական պաթոլոգիաների որոշակի ռիսկ գոյություն ունի անկախ այն բանից, թե արդոք երեխան բեղմնավորվել է ԱՄԲ օգնությամբ կամ բնական ճանապարհով: Իսկ ԻՔՍԻ դեպքում տղամարդու անպտղության պատճառ հանդիսացող գենետիկական դեֆեկտները կարող են հորից փոխանցվել որդուն:

 

Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները ամուսիններից պահանջում են ֆիզիկական, ֆինանսական և զգացմունքային ջանքեր: Հնարավոր է նաև հոգեբանական սթրես: Անհրաժեշտ բուժումը բավականին թանկարժեք է: Որպես կանոն, հիվանդները հույսը դնում են միայն բարենպաստ արդյունքի վրա, բայց բուժման ցիկլը կարող է անհաջողությամբ ավարտվել: Հիվանդը կարող է ունենալ հուսահատության, ջղայնության, վրդովմունքի և միայնության զգացում: Երբեմն հուսահատությունը հանգեցնում է դեպրեսիայի և ցածր ինքնագնահատականի հատկապես ԱՄԲ անհաջող փորձից հետո: Այդ պահին շատ կարևոր է ընկերների և բարեկամների աջակցությունը: Որպես աջակցության և սթրեսի հաղթահարման օժանդակ միջոց կարելի է առաջարկել հանդիպել հոգեբանի հետ, ով կօգնի հաղթահարել լարվածությունը, վախը և անպտղության և դրա բուժման հետ կապված տառապանքները:

Մեր բալիկները