Հիստերոսկոպիա
Հիստերոսկոպիան վիրաբուժական պրոցեդուրա է, որի ընթացքում գինեկոլոգը կիրառում է տելեսկոպիկ գործիք (հիստերոսկոպ) արգանդի պաթոլոգիայի ախտորոշման և բուժման համար: Հիստերոսկոպիան հանդիսանում է արդի էնդոսկոպիկ գինեկոլոգիայի ամենաառաջատար մեթոդներից մեկը: Օպտիկամալուխային տեխնոլոգիայի շնորհիվ հիստերոսկոպն արգանդի վզիկի խողովակի ու խոռոչի պատկերը փոխանցում է մոնիտորի վրա, որն օգնում է գինեկոլոգին գործիքը ճշգրտորեն մտցնել արգանդ:
Գոյություն ունի հիստերոսկոպիայի երկու տեսակ: Ախտորոշիչ հիստերոսկոպիան կատարվում է արգանդը հետազոտելու համար և եզրակացություն կատարելու, թե արդյոք արգանդում կան պաթոլոգիաներ: Ախտորոշիչ հիստերոսկոպիան հնարավորություն է տալիս պարզել արգանդի խոռոչում միջնապատերի, կպումների, պոլիպների, միոմաների առկայությունը և բացահայտել արգանդային արյունահոսության, անպտղության, հղիություն տանելու անկարողության պատճառը: Օպերատիվ հիստերոսկոպիան կատարվում է բացահայտված պաթոլոգիաների վերացման համար: Օպերատիվ հիստերոսկոպիայի ժամանակ հիստերոսկոպի միջոցով լրացուցիչ գործիքներ են մտցվում արգանդ, որը հնարավորություն է տալիս բժշկին կատարել տարբեր բուժական գործողություններ: Վիրաբուժական հիստերոսկոպիայի ընթացքում կարելի է հեռացնել պոլիպները, կպումները և պատռել միջնապատերը: Էնդոսկոպիկ մեթոդների միջոցով կարելի է նաև հեռացնել արգանդի միոման: Ախտորոշիչ և օպերատիվ հիստերոսկոպիան կարող են կատարվել միաժամանակ կամ որպես երկու տարբեր պրոցեդուրաներ՝ կախված հիվանդի վիճակից:
Ի տարբերություն արգանդի խոռոչի էքսկոխլեացիայի հիստերոսկոպիան հնարավորություն է տալիս գինեկոլոգին վիզուալ կերպով հետազոտել արգանդը և բացահայտել հիվանդության պատճառը:
Հիստերոսկոպիայի ցուցումները
Պաթոլոգիաները, որոնց պատճառները կարելի է ախտորոշել և բուժել հիստերոսկոպիայի միջոցով՝
- Դեպի ֆալոպյան փողը տանող ճանապարհին առկա կպումներով կամ այլ պատճառներով պայմանավորված անպտղություն;
- Դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն;
- Շատ ցավոտ դաշտաններ;
- Արյունահոսություն դաշտանի ավարտից հետո;
- Անկանոն և տարօրինակ դաշտաններ;
- Արգանդի խոռոչի պաթոլոգիաներ, ներառյալ արգանդային միջնաապատերը;
- Հղիություն տանելու անկարողություն;
- Ցավեր փոքր կոնքի շրջանում;
- Փոքր ենթալորձաթաղանթային միոմաների կամ պոլիպների հեռացում;
Հիստերոսկոպիայի նկարագիրը
Ախտորոշիչ հիստերոսկոպիան կարող է կատարվել առանց ցավազրկման, իսկ բուժական հիստերոսկոպիան սովորաբար կատարվում է ընդհանուր ցավազրկման պայմաններում: Անեսթեզիոլոգը զննում է հիվանդին ցավազրկումից առաջ և որոշում տվյալ հիվանդի համար օպտիմալ ցավազրկման ձևը:
Հիստերոսկոպիայի դեպքում որևէ կտրվածք չի կատարվում: Արգանդի վզիկի խողովակի աստիճանաբար լայնացումից հետո արգանդի մեջ է մտցվում հիստերոսկոպը՝ երկար ու շատ բարակ ձողը, որն օժտված է տեսախցիկով և լույսով:
Ախտորոշիչ հիստերոսկոպի տրամագիծը կազմում է 3-4 մմ: Օպերատիվ հիստերոսկոպը փոքր-ինչ լայն է՝ 8-10 մմ, որ հնարավոր լինի մտցնել համապատասխան վիրաբուժական գործիքներ, օրինակ՝ փոքր մկրատներ կամ լազեր:
Միևնույն ժամանակ արգանդ կարող է ներարկվել ածխաթթու գազ կամ հեղուկ (ֆիզլուծույթ), որպեսզի արգանդի խոռոչը փոքր-ինչ լայնանա: Սա հնարավորություն է տալիս գինեկոլոգին ավելի լավ զննել արգանդը:
Կախված պրոցեդուրայի տեսակից՝ հիստերոսկոպիան կարող է տևել հինգ րոպեից մինչև մեկ ժամ: Այնուամենայնիվ ախտորոշիչ հիստերոսկոպիան ավելի կարճ է տևում, քան օպերատիվը:
Քանի որ վիաբույժը մինչև հիստերոսկոպ մտցնելը մանրամասնորեն չի տեսնում արգանդի խոռոչը, օպերատիվ հիստերոսկոպիա կատարելու որոշումը հաճախ կայացվում է հենց վիրահատության ընթացքում:
Հիստերոսկոպիայի հետվիրահատական շրջանը
Հիստերոսկոպիայից հետո հիվանդի մոտ մոտ մեկ-երկու օր սովորաբար լինում են կցկումներ և չնչին արյունային արտադրություններ: Ձեր բժիշկը կարող է ցավազրկողներ նշանակել: Այնուամենայնիվ, հիվանդները կարող են անցնել աշխատանքի մեկ օր հետո:
Վարակվելու կամ բորբոքային պրոցեսի ռիսկը նվազեցնելու համար պետք է մեկ-երկու օր խուսափել միջադիրների (տամպոնների) կիրառումից ու լվացումներից: Ախտորոշիչ հիստերոսկոպիայից հետո հիվանդներին խորհուրդ է տրվում մեկ-երկու օր զերծ մնալ սեռական ակտերից: Օպերատիվ հիստեոսկոպիայից հետո սեռական ակտերից զերծ մնալու շրջանը կազմում է մեկից երեք շաբաթ՝ կախված վիրաբուժական միջամտության ծավալից:
Հիստերոսկոպիայի բարդությունները
Հարաբերական առումով հիստերոսկոպիան անվտանգ պրոցեդուրա է: Հիստերոսկոպիայի բարդությունները, ինչպիսիք են արգանդի կամ արգանդի վզիկի խողովակի վնասվածքը, վարակը, ուժեղ արյունահոսությունը և անեսթեզիայի կողմնակի ազդեցությունները հանդիպում են հիվանդների 1 տոկոսի մոտ:
Չնայած հիստերոսկոպիայից հետո բարդությունները հազվադեպ են հանդիպում՝ հիվանդը պետք է անմիջապես կապվի իր բժշկի հետ, եթե նրա մոտ առատ արյունահոսություն է սկսել կամ կան վարակի նշաններ, ինչպիսիք են ցավոտ կցկումները, բարձր ջերմությունը կամ սարսուռը:
Ինչպես արդեն նշվել է, հիստերոսկոպիան վիրահատություն է առանց որևէ կտրվածքի: Անկախ Ձեր բժշկի կողմից առաջարկված հիստերոսկոպիայի տեսակից (ախտորոշիչ կամ օպերատիվ հիստերոսկոպիան)՝ Դուք կարող եք վստահ լինել, որ այդ վիրահատությունը վտանգավոր չէ:
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր հիվանդն անհատ է, և հիստերոսկոպիայի ցուցումները, ինչպես նաև դրա արդյունքները կախված են հիվանդի վիճակից: Եթե այս հոդվածը կարդալուց հետո Ձեզ մոտ լրացուցիչ հարցեր են ծագել հիստերոսկոպիայի հետ կապված, ապա Դուք դրանք կարող եք քննարկել կլինիկայի բժիշկ-էնդոսկոպիստի մոտ այցի ընթացքում: