ԱՄԲ նախապատրաստությունը
Արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) մեթոդով բուժման նախնական պատրաստությունը այնքան կարևոր է, որքան բուժումը: Դեղորայքային խթանման նկատմամբ ձվարանների արձագանքը կանխատեսելու նպատակով կարող է անհրաժեշտ լինել ստուգել ձվարանների պաշարները: Հաջողության հավանականությունը կարող է ցածր լինել, եթե արյան ստուգումը վկայում է ձվարանների ցածր պաշարների մասին: Ձվարանների պաշարը կարելի է պարզել նաև արյան մեջ FSH և ինհիբին B մակարդակի ստուգման և դաշտանային ցիկլի սկզբում անտրալային ֆոլիկուլների քանակի հաշվարկի միջոցով:
Արգանդի խոռոչի պաթոլոգիաները, ինչպիսիք են սինեխիան կամ պոլիպները, պետք է հեռացվեն մինչև ԱՄԲ ծրագրի սկիզբը: Հիդրոսալպինքսը՝ հեղուկով լցված ֆալոպյան փողը, նվազեցնում է ԱՄԲ արդյունավետությունը, քանի որ փողում գտնվող հեղուկը ունի էմբրիոտոքսիկ աղդեցություն, և շատ բժիշկներ խորհուրդ են տալիս հեռացնել վնասված փողը մինչև ԱՄԲ-ն:
ԱՄԲ-ից առաջ կատարվում է սերմի ստուգում (սպերմոգրամա): Եթե սպերմոգրամայում հայտնաբերվում են խանգարումներ, ապա անհրաժեշտություն է առաջանում խորհրդակցել տղամարդու անպտղության հարցերով մասնագետի հետ, որպեսզի պարզվի, թե արդյոք այդ խանգարումները հնարավոր է վերացնել և արդյոք դրանք կապված չեն այլ բժշկական խնդիրների հետ: Օրինակ՝ Y քրոմոսոմում գենետիկական խանգարումները կապված են տղամարդու անպտղության որոշ դեպքերի հետ, իսկ սերմնատար ուղիներ չունեցող տղամարդիկ հաճախ հանդիսանում են դեֆեկտների կրող: Նման դեպքերում գենետիկական հետազոտության անհրաժեշտություն կարող է առաջանալ:
ԱՄԲ-ից առաջ արյան ստուգումն իր մեջ ներառում է ՄԻԱՎ, սիֆիլիսի, հեպատիտ B և C և կարմրախտի նկատմամբ հակամարմինների առկայության որոշումը: Անհրաժեշտ է նաև վերցնել հեշտոցի և արգանդի վզիկի խողովակի լորձի քսուք բակտերիալ ֆլորայի ստուգման համար, որպեսզի բացառվի վարակների առկայությունը: Արդյունքների հիման վրա բժիշկը կարող է նշանակել հորմոնալ ստուգում և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների առկայության որոշում: Լիարժեք հետազոտությունը թույլ կտա բացահայտել բոլոր խնդիրները, որոնք պետք է կարգավորվեն մինչև ԱՄԲ ծրագրի սկիզբը:
Հիվանդների կողմից ամենահաճախ տրվող հարցերից մեկն է. “Ի՞նչ մենք կարող ենք անել, որ մեծացնենք ԱՄԲ ցիկլում հաջողության հավանականությունը”: Անկասկած, կան մի քանի կարևոր պահեր, որոնք կարող են ազդել բուժման արդյունավետության վրա և դրանցից հիմնականները թվարկված են ստորև:
Թողեք ծխելը: Ծխախոտի ծխի մեջ պարունակվող քիմիական նյութերը վնասակար ազդեցություն են ունենում ինչպես սերմի, այնպես էլ ձվաբջջի վրա: Ծխողներից 30 տոկոսով ավելի շատ ժամանակ է պահանջվում բնական ճանապարհով հղիանալու համար, իսկ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ծխելը նվազեցնում է ԱՄԲ ցիկլում հղիանալու հավանականությունը 50-70 տոկոսով խթանման նկատմամբ թույլ արձագանքի և բեղմնավորման ցածր տոկոսի պատճառով:
Դադարեցրեք բժշկի կողմից ՉՆՇԱՆԱԿՎԱԾ դեղորայքի ընդունումը: Հնարավորինս կրճատեք դեղորայքային միջոցների ընդունումը, այդ թվում նաև սննդային հավելումները, քանի որ դրանցից ոմանք կարող են բացասական ազդեցություն ունենալ ԱՄԲ արդյունքի վրա:
Դադարացրեք ցանկացած տեսակի թմրանյութերի ընդունումը: Կան բազմաթիվ ապացույցներ, որ թմրանյութերը լուրջ ազդեցություն են ունենում ինչպես տղամարդու, այնպես էլ կանացի պտղաբերության վրա: Բացի դրանից հղիության ընթացքում դրանք կարող են անդառնալի վնասներ հասցնել ապագա երեխայի առողջությանը:
Ստուգեք Ձեր քաշը: Ավելորդ քաշը կամ քաշի պակասորդը կարող է նվազեցնել ձեր արձագանքը դեղորայքային թերապիայի նկատմամբ մինչև այն մակարդաիկ, որ Ձեր օրգանիզմը ընդհանրապես չարձագանքի խթանմանը: Ձեր բժիշկ-ռեպրոդուկտոլոգը կչափի Ձեր քաշը կիլոգրամներով` բաժանելով այն Ձեր հասակի վրա մետր քառակուսիով: Տվյալ հարաբերակցությունը կոչվում է քաշի ինդեքս: Եթե Ձեր քաշի ինդեքսը ցածր է 19 կգ/մ քառակուսուց կամ բարձր 330 կգ/մ քառակուսուց, Ձեզ խորհուրդ կտան հետաձգել ԱՄԲ մեթոդով բուժումը մինչև Ձեր քաշը կհայտնվի վերոնշյալ նորմայի սահմաններում:
Պահպանեք առողջ սննդակարգը: Խուսափեք չափից շատ սուրճ խմելուց:
Կրճատեք ալկոհոլի քանակը: Չնայած ալկոհոլը ավելի քիչ ազդեցություն է ունենում հղիության վրա, քան ծխելը՝ այնուամենայնիվ, ալկոհոլի չարաշահումը
միանշանակ ազդում է սերմնաբջիջների քանակի ու դրանց շարժունակության վրա: Կնոջ դեպքում ալկոհոլի չարաշահումը իմպլանտացիայի և հղիության սկզբնական փուլում վտանգավոր ազդեցություն է ունենում պտղի վրա, որը կարող է պաթոլոգիաների զարգացման պատճառ հանդիսանալ: ԱՄԲ մեթոդով բուժման ընթացքում զույգերին խորհուրդ է տրվում հրաժարվել ալկոհոլ օգտագործելուց, քանի որ դրա չնչին օգտագործումը կարող է նվազեցնել հղիության հավանականությունը:
Սկսեք ֆոլաթթուի ընդունումը օրական 400 միկրոգրամ քանակով: Սա կնվազեցնի պտղի նյարդային փողի դեֆեկտների առաջացումը: Ֆոլաթթուն անհրաժեշտ է ընդունել հղիանալուց 3 ամիս առաջ և հղիության առաջին 3 ամիսների ընթացքում:
Ստուգեք, թե արդյոք Ձեզ մոտ կա իմունիտետ կարմրախտի նկատմամբ: Իմունիտետի բացակայության դեպքում անհրաժեշտ է պատվաստում անցնել, քանի որ, եթե հղիության ընթացքում Դուք կարմրախտով հիվանդանաք, ծնունդից հետո երեխայի մոտ կարող են խնդիրներ առաջանալ՝ կապված լսողության և մտավոր զարգացման հետ:
Չնայած կինը ԱՄԲ մեթոդով բուժման ընթացքում պետք է խուսափի ակտիվ սպորտով զբաղվելուց, երկու ամուսիններին էլ խորհուրդ են տալիս թեթև վարժություններ 20-30 րոպես տևողությամբ շաբաթը 3-4 անգամ:
Եթե Ձեզ մոտ կան լուրջ խրոնիկ հիվանդություններ, չմոռանաք դրանց մասին պատմել Ձեր բժշկին, որպեսզի նա կարողանա օպտիմալացնել կամ փոփոխել Ձեր բուժումը՝ հաշվի առնելով տվյալ հանգամանքը: