Arm | Rus | Eng

ԱՄԲ անհաջողության պատճառները

 

 

ԱՄԲ ցիկլը բաղկացած է մի քանի փուլերից, և դրանցից յուրաքանչյուրը պետք է հաջողությամբ ավարտվի հաջորդ քայլին անցնելու համար՝

 

  • պետք է սկսվի գոնե մեկ ֆոլիկուլի աճն ու զարգացումը,
  • ֆոլիկուլները պետք է հասունանան,
  • մինչև ֆոլիկուլների պունկցիան վաղաժամ օվուլյացիա չպետք է տեղի ունենա,
  • պունկցիայի արդյունքում ձվաբջիջները պետք է դուրս բերվեն ֆոլիկուլներից,
  • սերմնաբջիջները պետք է բեղմնավորեն առնվազն մեկ ձվաբջիջ,
  • բեղմնավորված ձվաբջիջը պետք է սկսի մասնատվել և զարգանալ,
  • սաղմը պետք է ներկալվի/իմպլանտացվի արգանդում:

 

Այս շղթայում իմպլանտացիան/ներկալումը գիտնականների համար շարունակում է գաղտնիք մնալ, թե ինչու սաղմը երեխա չի դառնում:

 

Կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ մեզ հաջողվում է սաղմեր ստանալ լաբորատորիայում, բայց մենք դեռ չենք կարողանում կառավարել իմպլանտացիայի ընթացքը: Մենք չգիտենք, թե որ սաղմը երեխա կդառնա:

 

Իմպլանտացիան շատ դժվար պրոցես է: Ամենից առաջ սաղմը պետք է շարունակի զարգանալ մինչև բլաստոցիստաների փուլը, իսկ հետո դուրս գա իր թաղանթից (պելլյուցիդի գոտուց): Դուրս եկած բլաստոցիստան պետք է ներկալվի/իմպլանտացվի արգանդի էնդոմետրիայում շատ կարճ ժամանակում, որը կոչվում է ներկալման պատուհան: Իմպլանտացիան ունի երեք փուլ՝ օպոզիցիա, ադգեզիա և ինվազիա: Օպոզիցիան կամ արգանդի խոռոչում սաղմի կողմնորոշումը սկսվում է այն պահին, երբ արգանդի խոռոչը առավելագույնս փոքրանում է դրանում գտնվող հեղուկի ներծծման արդյունքում:

 

Բլաստոցիստայի ադգեզիան քիմիական ռեակցիաների շղթա է, որը նպաստում է էնդոմետրիայում դրա ներկալմանը/իմպլանտացիային: Շատ մոլեկուլներ, ինչպիսիք են ցիտոկիները, աճի գործոնները և ինտեգրինները, կարևոր դեր են խաղում այս բարդ գործընթավում, որի ընթացքում բլաստոցիստան և մայրական էնդոմետրիան մտնում են “երկխոսության” մեջ:

 

Ինվազիան (միջամտություն) ինքնակառավարվող գործընթաց է, որը հնարավորություն են տալիս սաղմնային տրոֆոբլաստին (բլաստոցիստաների բջիջներ, որոնք հետագայում վերածվում են պլացենտայի բջիջների) խորը ներթափանցել մայրական դեցիդուալ հյուսվածք (էնդոմետրիայի բջիջներ, որոնք հետագայում ձևավորում են պլացենտայի մայրական մասը) և ներթափանցել էնդոմետրիայի արյան հոսք: Դա տեղի է ունենում պրոտեինազներ կոչվող հատուկ քիմիական նյութերի արտադրության հաշվին:

 

Բլաստոցիստաների հաջող ներկալման համար շատ կարևոր են մոր հյուսվածքների և սաղմի միջև երկխոսություն ապահովող իմունային մեխանիզմները: Դեցիդուալ հյուսվածքի ակտիվ բջիջները և տրոֆոբլաստի բջիջները արտադրում են իմունոլոգիապես ակտկիվ և մեծ քանակությամբ նյութեր, որոնք էլ նպաստում են անհրաժեշտ իմունային ռեակցիայի առաջացմանը:

 

Դեռ գաղտնիք է, թե ինչպես է կարգավորվում և տեղի ունենում ներկալումը/իմպլանտացիան, բայց անհրաժեշտ է նշել, որ մարդկանց մոտ ներկալման գործըթացն ունի զարմանալիորեն ցածր արդյունավետություն: Ամբողջությամբ առողջ ամուսնական զույգն ունի ընդամենը 20-25 տոկոս հավանականություն յուրաքանչյուր դաշտանային ցիկլում բեղմնավորման համար: Նման ցածր արդյունավետության պատասխանատվությունը կրում են ինչպես սաղմը, այնպես էլ սաղմ-էնդոմետրիա երկխոսության խանգարումները: Այսօր մենք գիտենք, որ անհաջող ներկալման կարևոր պատճառներից մեկը սաղմի գենետիկական պաթոլոգիաներն են: Ներկալման ոլորտում հիմնարար հետազոտությունները շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ հենց ներկալումն է հանդիսանում ՕՎՏ արդյունավետությունը սահմանափակող հիմնական գործոնը: Այնուամենայնիվ մենք դեռ պետք է շատ ուսումնասիրություններ կատարենք, մինչև կարողանանք իրական հսկողություն ապահովել այս գործընթացի նկատմամբ:

 

Անհաջող ԱՄԲ ցիկլի վերլուծություն

 

 

Եթե դուք չեք հղիանում ԱՄԲ առաջին փորրձից հետո, իհարկե, դուք կլարվեք և կհիասթափվեք: Այնուամենայիվ հիշեք, որ դա ճանապարհի վերջը չէ, դա ընդամենը սկիզբն է: ԱՄԲ անհաջող ցիկլից հետո դուք կհանդիպեք բժշկին և կվերլուծեք բոլոր հնարավոր եզրակացությունները: ԱՄԲ անհաջող փորձի վերլուծության ժամանակ բժիշկը մեծ ուշադրություն կդարձնի սաղմերի և էնդոմետրիայի որակին, ինչպես նաև այլ գործոններին՝

 

  1. Արդյո՞ք օրգանիզմը օպտիմալ կերպով էր պատրաստված հղիությանը: Իհարկե, այս կամ այն ընդհանուր և գինեկոլոգիական հիվանդությունների առկայության փաստը միշտ չի ազդում հղիության վրա, բայց մյուս կողմից, չի կարելի բացառել հղիանալու կարողության նվազումը մի շարք հիվանդությունների առկայության դեպքում: Դրա համար պետք է օրգանիզմը պատրաստել  բեղմնավորման և կատարել ԱՄԲ ցանկացած խրոնիկ հիվանդության բացակայության պայմաններում:
  2. Արդյո՞ք ձվարանները բավականին լավ են արձագանքել խթանմանը: 
  3. Արդյո՞ք տեղի է ունեցել բեղմնավորում:
  4. Արդյո՞ք ստացված սաղմերը լավ որակի են եղել, արդյո՞ք նրանք նորմալ են զարգացել լաբորատոր պայմաններում:
  5. Արդյո՞ք էնդոմոտրիայի հաստությունն ու կառուցվածքը օպտիմալ են եղել տեղադրման պահին:
  6. Արդյո՞ք ԱՄԲ ծրագրի ընթացքում էնդոմետրիայի զարգացման խանգարումներ չեն նկատվել:
  7. Արդյո՞ք տեղի է ունեցել ներկալում, որը պարզվում է արյան ստուգմամբ ՄԽԳ հորմոնը որոշելու համար, որը կատարվում է սաղմերի տեղադրումից երկու շաբաթ անց:
  8. Ինչու՞ հղիություն տեղի չի ունեցել (չնայած հենց այս հարցին պատասխան չկա): 
  9. Արյդո՞ք պետք է անցկացնել լրացուցիչ հետազոտություններ հաջորդ ԱՄԲ փորձից առաջ:
  10. Արդյո՞ք պետք է անցկացնել որևէ բուժում հաջորդ ԱՄԲ փուլից առաջ:
  11. Արդյո՞ք կարելի է կրկնել բուժման ծրագիրը կամ արդյո՞ք անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել դրանում միչև հաջորդ փորձի սկիզբը:
  12. Ե՞րբ կարելի է սկսել ԱՄԲ կրկնակի ցիկլը:

 

Եթե դուք չեք հղիացել, ապա այն փաստը, որ դուք անցել եք ԱՄԲ ցիկլով, թույլ կտա ձեզ շարունակել ապրել այն մտքով, որ դուք կատարել եք հնարավոր ամեն ինչ՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաները, որոնք կարող է առաջարկել ժամանակակից բժշկությունը:

 

ԱՄԲ կրկնակի ցիկլը

 

Բժիշկների մեծամասնությունը խորհուրդ է տալիս գոնե մեկ ամիս սպասել մինչև բուժման հաջորդ ցիկլը սկսելը: Չնայած բժշկական տեսանկյունից կարելի է ԱՄԲ ցիկլը սկսել հենց հաջորդ ամսվանից՝ այնուամենայնիվ հիվանդների մեծ մասը ընդմիջման կարիք ունի ուժերը հավաքելու և հոգևոր հավասարակշռությունը վերականցնելու համար: Որպես կանոն մենք խորհուրդ ենք տալիս եռամսյա ընդմիջում ԱՄԲ կրկնակի փորձից առաջ:

 

Կախված նախորդ ցիկլի արդյունքներից՝ բժիշկը կարող է պահանջել փոխել բուժման ծրագիրը: Օրինակ՝ եթե խթանման նկատմամբ ձվարանների պատասխանը բավարար չի եղել, ապա բժիշկը կարող է մեծացնել սուպերօվուլյացիայի խթանման դեղամիջոցի դոզան կամ փոխել խթանման ընթացակարգը: Եթե բեղմնավորում տեղի չի ունեցել, ձեզ կարող է ԻՔՍԻ անհրաժեշտ լինել: Եթե ձվաբջիջների որակը վատն է եղել, ապա բժիշկը կարող է խորհուրդ տալ օգտագործել դոնորական ձվաբջիջները: Բայց եթե նախորդ ցիկլի արդյունքները բավարար են եղել, ապա բժիշկը կարող է խորհուրդ տալ կրկնել բուժման նույն ծրագիրը:

 

Հետաքրքիր է, որ կրկնակի ԱՄԲ ցիկլ անցնող զույգերը, որպես կանոն, ավելի հանգիստ են լինում և ավելի լավ են հսկում իրավիճակը: Հավանաբար նրանք տեղյակ են անհրաժեշտ բժշկական պրոցեդուրաներից և ավելի լավ են պատրաստված, և բացի դրանից, նրանք արդեն անձնական կապ են հաստատել բժշկի և ԱՄԲ կլինիկայի աշխատակիցների հետ:

 

Մեր բալիկները 4674