Փոխնակ մայրություն
Փոխնակ մայրությունը բուժական մեթոդ է, որի դեպքում ԱՄԲ ցիկլի ժամանակ ստացված սաղմերը տեղադրվում են այն կնոջ արգանդում, ով գենետիկորեն կապված չի այդ սաղմերի հետ: Փոխնակ մայրության ցիկլում անպտղություն ունեցող կնոջ ձվաբջիջները բեղմնավորում են նրա ամուսնու սերմի հետ և տեղադրում են փոխնակ մայրի արգանդում: Փոխնակ մայրությունը ԱՄԲ ամենադժվար ծրագիրն է: Ծննդյան հարցում երրորդ անձնավորության ներգրավումը հնարավոր դարձավ բժշկության ոլորտում գրեթե ֆանտաստիկ առաջընթացի արդյունքում, որը հնարավորություն տվեց զգալ մայրության երջանկությունը այն կանանց, ում անպտղությունը նախկինում համարվում էր անհաղթահարելի:
Ո՞ր դեպքերում է հիվանդներին անհրաժեշտ փոխնակ մայրությունը: Ամենատարածված պատճառը արգանդի բացակայությունն է: Արգանդի բացակայությունը կարող է լինել ի ծնե (Ռակիտանսկու-Կյուստեռնի ախտանիշ) կամ կարող է հեռացվել վիրաբուժական ճանապարհով: Հիվանդների մյուս խումբը, ում փոխնակ մայրություն է ցուցված, հղիության հետ կապված մեծ ռիսկեր ունեցող կանայք են, ովքեր ունեն հիվանդություններ, որոնց դեպքում հղիությունն ու ծննդաբերությունը հակացուցված են (օրինակ՝ սրտի ծանր արատ) և ում մոտ եղել են ԱՄԲ բազմաթիվ անհաջող փորձեր անբացատրելի պատճառներով:
Փոխնակ մայրության հիմքում ընկած են այն նույն սկզբունքները, ինչ դոնորական ձվաբջիջների օգտագործմամբ ցիկլերի ընթացքում: Կինը, ումից վերցնում են ձվաբջիջները, անցնում է ԱՄԲ ցիկլը: Այդ ընթացքում փոխնակ մոր արգանդը պատրաստում են իմպլանտացիայի համար էստրոգեններ և պրոգեստորոն դեղերի միջոցով: Ձվաբջիջները հանում են ամբուլատոր պրոցեդուրայի ժամանակ թեթև ցավազրկման միջոցով: Ձվաբջիջները բեղմնավորում են ամուսնու սերմով և աճեցնում են մի քանի օրվա ընթացքում: Տեղադրման օրը իմպլանտացիայի ամենամեծ պոտենցիալ ունեցող սաղմերը տեղադրում են փոխնակ մոր արգանդի խոռոչում: Տեղադրվող սաղմերի քանակը կախված է կնոջ տարիքից, ումից վերցրել են ձվաբջիջները, և սաղմերի որակից:
Փոխնակ մայրության ցիկլերում հիղության հավանականությունը մեծապես կախված է կնոջ տարիքից, ումից վերցրել են ձվաբջիջները: Այն դեպքերում, երբ օգտագործվում են դոնորական ձվաբջիջներ և փոխնակ մայր, այսինքն երբ ձվաբջիջների որակն ու արգանդի վիճակը օպտիմալ են, բուժման արդյունավետությունը ամենաբարձրն է լինում արդի վերարտադրողական բժշկության մեջ՝ հասնելով 70-75 տոկոսի:
Փոխնակ մայր դառնալու համար որոշում կայացրած կինը կարող է դա անել հումանիստական նկատառումներով: Նա կարող է լինել անպտուղ զույգի բարեկամը կամ մոտիկ ընկերուհին: Շատերը դիմում եմ փոխնական մայրության ֆինանսական պատճառով, քանի որ նրանք հղիության համար ստանում են նյութական փոխհատուցում: Համաձայն հայկական օրենսդրության, փոխնակ մայրը պետք է լինի մինչև 35 տարեկան և ունենա գոնե մեկ երեխա:
ԱՄԲ ծրագրից առաջ գենետիկական ծնողները և փոխնակ մայրը կնքում են նոտարական պայմանագիր, որում նշվում են փոխհատուցման պայմանները և նորածնի գրանցման կարգը:
Փոխնակ մայրության ծրագրում ԱՄԲ կատարման ցուցումները՝
- Արգանդի բացակայությունը (բնածին կամ ձեռքբերովի);
- Զարգացման բնածին արատների և հիվանդությունների հետևանքով արգանդի խոռոչի կամ վզիկի դեֆորմացիա;
- Արգանդի կպումներ, որոնք բուժման ենթակա չեն;
- Արտասեռական և սեռական պաթոլոգիաներ, որոնց դեպքում հղիությունը հակացուցված է կամ անհնարին;
- ԱՄԲ անհաջող փոձեր, երբ լավ որակի սաղմերի տեղադրման աարդյունքում հղիանալ չի հաջողվել:
Փոխնակ մայրերին ներկայացվող պահանջներ՝
- ֆիզիկական և հոգեկան առողջություն,
- տարիքը՝ 18-ից 35 տարեկան,
- սեփական առողջ երեխայի առկայություն:
Փոխնակ մայրության ծրագրի փուլերը՝
- Փոխնակ և գենետիկական մոր դաշտանային ցիկլերի սինխրոնիզացիա գոնադոտրոպին ազատող հորմոնի ագոնիստների կամ օրալ հակաբեղմնավորիչների միջոցով,
- Փոխնակ մոր էնդոմետրիայի պատրաստում էստրոգեներ և պրոգեստերոն դեղորայքների միջոցով,
- Գոնադոտրոպինների միջոցով գենետիկական մոր օվուլյացիայի խթանում,
- Գենետիկական մոր ձվարանների պունկցիա, ստացված ձվաբջիջների բեղմնավորում ամուսնու սերմի հետ,
- Սաղմի տեղադրում փոխնակ մոր արգանդի խոռոչում: